Պղտոր ջրում ձուկ «որսացողներն» ավելացել են: Նախընտրական տարին և նախակոալիցիոն գործընթացները շատերի վաղեմի երազանքները կյանքի կոչելու համար պարարտ հող են ստեղծել: Պաշտոնների «բաշխման» այս բուռն իրարանցման մեջ օրումեջ մամուլում տեղեկություններ են հայտնվում, թե այսինչ պաշտոնյային փոխարինում է այն մյուսը: Տևական ժամանակ է, ինչ Կարեն Ճշմարիտյանի պաշտոնանկության մասին է խոսվում: Այն, որ այս նախարարը հրաժեշտ է տալու իր պաշտոնին, մեր տեղեկություններով, այլևս քննարկման հարց չէ, սակայն ուշագրավ է, որ այս համատեքստում «ինքնադրսևորվում» են մարդիկ, ովքեր վաղուց «աչք» ունեն նախարարական պորտֆելի վրա: Մեր աղբյուրի փոխանցմամբ, ֆինանսների «հավերժ» փոխնախարար Պավել Սաֆարյանը, որը համարվում է Հովիկ Աբրահամյանի «մարդը», սեփական նախաձեռնությամբ էկոնոմիկայի նախարար «կարգվելու» լուրը դրել է շրջանառության մեջ:
Այս «ինքնառաջադրումը» շարքային «բլեֆ» է, քանի որ, մեր աղբյուրի տեղեկացմամբ, ՀՅԴ-ի հետ կոալիցիա կազմելուց հետո այս նախարարությունը հավանաբար նրանց «կնվիրվի», չնայած վերջիններս փափագում են ԿԳՆ-ի պորտֆելը: Ասել է՝ ամեն մեկը հիմա փորձում է իր մասին հիշեցնել ու նախագահի սեղանին դրվող «ցուցակում» ներգրավվել:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ